Հինգշաբթի, 25.04.2024, 06:38
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11468
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Փետրվար » 11 » ՀՐԱՏԱՊ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
14:32
ՀՐԱՏԱՊ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Շատ վաղուց բարեբեր, շեն քաղաքներով ու գյուղերով Հայաստանն  իր վրա է հրավիրել մոտ ու հեռու ապրող  տարբեր  ցեղերի ուշադրությունը և հաճախ է ենթարկվել նրանց հարձակումներին: Հաճախ թշնամիներին տրվել է արժանի հակահարված: Սակայն եղել են նաև ծանր ժամանակներ և թշնամին հաջողություն է ունեցել, որի արդյունքում  Հայաստանը հայտնվել է օտարի տիրապետութան տակ: Թվարկենք միայն վերջին երկու հազարամյակի օտար նվաճողներին. հռոմեացիներ, բյուզանդացիներ, պարսիկներ, արաբներ, թուրքեր, մոնղոլ-թաթարներ: 19-րդ դարի սկզբից Այսրկովկասում հայտնվում են   ռուսները: Այս նվաճողներից յուրաքանչյուրի տիրապետության ժամանակաշրջանը իր հետքն է թողել հայ ժողովրդի  հոգեբանության  ու մտածողության  վրա, քանի որ այդ ուղղությամբ ջանադրաբար աշխատել են օտարները: Նրանք փոխել են հայոց  հնագույն աստվածների,  բնակավայրերի, գետերի, լեռների ու  դաշտերի անունները, հաճախ դրանք հարմարեցրել են իրենց լեզվին, հաճախ  թարգմանել այնպես, որ ջնջվի հայկականությունը և այլն:

Ժամանակաշրջանը և միջավայրը ստիպել են, որ տիրողների անուններով  կոչվեն նաև հայ մարդիկ: Այսպես. հայերը Պերոզ, Վշտասպ, Միրհավան, Շապուհ … են կոչվել  պարսկական տիրապետության ժամանակ, Հասան,  Ամիր-Հասան, Աբաս,  Աբլ-Ղարիբ…` արաբական տիրապետության ժամանակ, Բարսեղ-Վասիլ, Կոնստանտին, Սոֆյա, Ելենա…`  բյուզանդական տիրապետության ժամանակ և այլն:  Դրան գումարվում է  «Աստվածաշունչը» և մեծ տարածում են գտնում Աբրահամ, Իսահակ, Հովսեփ, Հակոբ, Մաթևոս,  Իսրայել, Սառա և այլ անուններ:  Այսրկովկասում և Արևելյան Հայաստանում ռուսական տիրապետության ժամանակ տարածվում են ռուսական միջավայրում տարածված Նիկոլայ, Ալեքսանդր, Պավել, Պյոտր, Սեմյոն, Միխայել, Նատալիա, Վարվարա, Վարյա և այլ անուններ: Սակայն տվյալ ժամանակաշրջանի գրավոր աղբյուրների ուսումնասիրությունը թույլ է տալիս ասելու, որ իշխող վերնախավը ավելի շատ է օգտագործել  օտար անուններ, քան ժողովրդը, որը շարունակում է օգտագործել հայկական գեղեցիկ անուններ. Նանե, Բարունան, Գեղեցիկ, Սիրանուն, Այծեմնիկ, Սեւլիկ, Ոսկան, Դալարիկ, Մասրիկ, Կտրիճ, Քաջիկ, Բալրինա, Շուշան, Խորեն, Արտակ,  Վահան, Թաթուլ, Արշավիր, Տաճատ, Ատոմ, Հմայակ, Գազրիկ, Ներսեհ, Այրուկ, Խուրս, Որոտ, Մովան, Տիրան…:
Իրանական ու հունական անունների դեպքում հիշենք, որ մինչքրիստոնեական ու մինչիսլամական  հայկական, հունական ու իրանական  անունները հնդեվրոպական ծագում և արմատներ ունեն: Դա հատկապես նկատելի է հայկական  ու  իրանական հնագույն անունների դեպքում: Ար-ով, նաև Տիր, Միհր, Վահագն, Անահիտ և այլ անուններով կազմված անունները հավասարապես օգտագործվել են և` հայերի, և` իրանցիների կողմից:  Սակայն մահմեդականություն ընդունելուց հետո իրանցիները հիմնականում դադարել են օգտագործել այդ անունները:

Շատ ավելի ծանր է եղել թուրքական տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանի բնակչության  վիճակը, ուր  արգելվում  էր  այն ամենը,  ինչ հայկական  էր: Այսօր դա զգացվում է Հայկական լեռնաշխարհի թուրքացված աշխարհագրական անունների ու հատկապես աշխարհով մեկ սփռված հայերի ազգանուններում:
1915-1923 թթ.    Արևմտյան Հայաստանը հայազրկելուց հետո, հայության ու հայկականության հետքերը Հայկական լեռնաշխարհի այդ մասից   վերացնելու նպատակով , 1958 թ. Թուրքիայի ազգային ժողովը /մեջլիս/ ընդունում է «Աշխարհագրական անունների փոփոխության մասին» որոշում, որի արդյունքում  թուրքացվում են Արևմտյան Հայաստանի բոլոր աշխարհագրական անունները: Անվանափոխվում ու թուրքացվում  է նույնիսկ  բիբլիական Մասիս- Արարատ լեռան անունը: Հայոց սրբազան լեռանը տրվում է Աղրի դաղ /«Սպիտակ լեռ»/  անունը:

Հայտնի է,  որ դարեր շարունակ, հաճախ բռնությամբ թուրքացվել են ոչ միայն հայ մարդիկ, այլև նրանց անուն-ազգանունները: Այս երևույթը Թուրքիայում պարտադրանքի և հարկադրանքի բնույթ է ստանում 19-րդ դարի վերջերից  ու շարունակվում է մինչ օրս: Այդ երկրում ապրող այսօրվա հայերը հիմնականում ունեն թուրքական անուն-ազգանուններ:          Այս իրավիճակը հետևանք էր հայոց պետականության բացակայության, որը տևեց մոտ 600 տարի: 20-րդ դարի սկզբներին հաջողվեց վերականգնել   հայոց պետականությունը: Հայտնի է, որ հենց պետության  օրենսդիր ու գործադիր մարմիններն են կարգավորում պետությանն ու ժողովրդին  հուզող շատ խնդիրներ ու հարցեր: Սակայն հայոց առաջին հանրապետությունը /1918-1920 թթ./    կարճ կյանք ունեցավ, երկրորդ` խորհրդային հանրապետությունը /1920-1991  թթ./ ինքնուրույն չէր և չէր կարող  ազգային կարևոր հարցեր  լուծել /ինչը չենք կարող ասել վրացական ու ադրբեջանական խորհրդային պետությունների համար/:    1991 թ. ստեղծված հայոց նոր հանրապետությունը ստիպված էր շատ դժվարություններ հաղթահարել /պարտադրված պատերազմ,  երկրաշարժ/:  Հայոց բանակը և հայ ժողովուրդը հաղթանակով ավարտեցին պատերազմը: 1994 թ. կնքվեց  զինադադար:  Դժվարությամբ, դանդաղորեն  վերականգնվում  է  երկրի ավերված տնտեսությունը,  արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը:  Ուշադրություն է դարձվում նաև գիտությանը, մշակույթին ու սպորտին: Աշխարհում սկսում են հնչել հայ ժողովրդի տաղանդավոր ու արժանավոր զավակների` գիտնականների, նկարիչների, դերասանների, զինվորականների,  մարզիկների, երգիչների, գործարարների և այլ բնագավառների ներկայացուցիչների  անուն-ազգանունները, որոնք լսելիս հաճախ հակասական զգացումներ ու տրամադրություն ես ունենում: Հպարտ ես, որ քո ազգակցի անունն է հնչում, որ լսում ես հայ մարդու հաջողությունների մասին, բայց հաջորդ վարկյանին ցավ, ամոթ  ու տխրություն ես զգում, երբ լսում ես թուրքական, հրեական, պարսկական, արաբական ծագում ունեցող հայի անուն-ազգանուն: Ցավ, քանի որ անմիջապես հիշում ես հայոց պատմության ցավոտ էջերը:  Ամոթ ու տխրություն, քանի որ հայերը և` Հայաստանում, և` սփյուռքում համառորեն շարունակում են կրել այդ անուն-ազգանունները:  Եվ անմիջապես հարց է առաջանում, դեռ որքա՞ն պետք է շարունակվի այս իրավիճակը: Կարծում ենք, ժամանակն է, որ հայոց պետական այրերը` օրենսդիր և գործադիր իշխանությունները անդրադառնան այս շատ կարևոր  հարցին:

Աշխարհագրական ու անձնական անունների անվանափոխության  հարցը, որի մասին  մենք` հայերս դեռ միայն խոսում ենք, կամ մեծ  դժվարությամբ ու դանդաղկոտությամբ անդրադառնում դրանց,  թուրքերը  /նաև ադրբեջանցիները/   վաղուց լուծել են: Ինչպես նշվեց վերևում,  Թուրքիայի  ազգային ժողովի որոշումով վաղուց թուրքացվել են Արևմտյան Հայաստանի աշխարհագրական  բոլոր  անունները: Իսկ  Ադրբեջանին բռնակցված Գարդմանի հայկական բնակավայրերի անունները անվանափոխվել  են ավելի վաղ ու շարունակվել խորհրդային իշխանության տարիներին:  Այսպես Գանձակը դարձել է Գյանջա, Գետաշենը՝  Չայքենդ, Քարհատը` Դաշկեսան, Բանանցը` Բայան, Խաչակապը`  Կուշչի,  Խաչաղբյուրը՝  Խաշբուլաղ, Տավուշը՝  Թոուզ,  Կեպաս լեռը՝  Քյափազ լեռ և այլն:  Մինչդեռ մեր օրերում հայկական հեռուստակայաններով ու ռադիով սահմանամերձ շրջաններում և ազատագրված տարածքներում, հրադադարի խախտման դեպքերի ժամանակ տրվում են տասնյակ թուրքական գյուղերի անուններ,  որոնք նախկին հայկական գյուղեր են  և ունեցել են հայկական անուններ: Թուրքը /նաև ադրբեջանցին/  երբեք գյուղ կամ քաղաք չի հիմնել, այլ զավթել  է հայկական բնակավայրը, փոխել անունը,  այնուհետև վերացրել  հայկական հետքերը:  Եվ եթե  այսօր հայտնի չեն ազատագրված տարածքների բնակավայրերի հայկական  անունները, ուրեմն կարելի է չթվարկել դրանք, այլ ասել  հյուսիս- արևելյան մաս, հյուսիսային մաս և այլն: Զարմանալիորեն ոչ միայն չենք ազատվում հին ժառանգությունից, այլև շարունակում ենք հանդիպել թուրքերեն  բառեր հայ  երգիչ-երգչուհիների  նոր ստեղծված  երգերում:  Հիշատակենք այդպիսի բառեր.  ջեյրան /«Ջեյրանս դու ես»/, մարալ, ղարիբ, ղուրբան: Սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրած համանուն երգում երգչուհին երգում է. «քո հոգուն ղուրբան»  և այլն  / դա կարող է պատճառաբանվել ժողովրդի խոսակցական լեզվով գրելու ցանկությամբ, որն ընդունելի չէ/:    Իսկ հայ պարուհիները շարունակում են պարել  «Ուզունդարա»,  «Թարաքյամա», «Ջեյրանի»  և այլ թուրքական անուններով հայկական ժողովրդական պարեր: Մինչդեռ այդ բնագավառի որևէ վառ անհատի ցանկության դեպքում դրանք  վաղուց կարող էին հայկական անուններով փոխարինվել: Նշենք նաև  շատ տարածված մի իրողության մասին:  Դժվար է պատկերացնել մեկ այլ ժողովուրդ, որը դիմացինի լավ արարքի հանդեպ իր ջերմ զգացմունքը և գոհանակությունը արտահայտի օտար լեզվով`  ֆրանսերեն  մերսի բառով: Հիմնականում Երևանում օգտագործվող  օտար «մերսին»  երևանցիների կենցաղ մտավ 1940-ական թվականների վերջերից, արևմտահայերի հայրենադարձությունից հետո և զարմանալիորեն  ամրապնդվեց խոսակցական լեզվում: Իսկ այսօր այն արդեն հնչում է նաև հեռուստաեթերում ու սերիալներում:  Եթե այս  երևույթները փորձում էինք չտեսնելու տալ խորհրդային տարիներին, ապա այսօր   դրանք վիրավորական են   յուրաքանչյուր հայի  համար,  զարմանալի օտարների  և զվարճալի  թուրքերի համար:      Եկեք մի քիչ ուշադիր լինենք ու  այլ աչքերով նայենք մեր շուրջը:  Անմիջապես նկատում  ենք.

- թուրքական ու պարսկական  անուններով բնակավայրեր. Ղարաբաղ /Արցախ/,   Ասկերան /Զորական/, Ալավերդի /Ալլահի տված/, Սելիմի /թուրքական սուլթանի անուն/ լեռնանցք, Սելիմի իջևանատուն, Շամշադին /արաբ զորավարի անուն/…:

- թուրքական, հրեական, պարսկական ծագում ունեցող   հայկական ազգանուններ: Թվարկենք դրանք.   Էլօղլյան /օտարի տղա/, Ղասաբօղլյան /մսագործի որդի/, Հանեսօղլյան /Հանեսի որդի/, Դեմիրճօղլյան /դարբնի որդի/, Աջամօղլյան /վերցված քրիստոնյա երեխա, օտարի երեխա/, Օղլաղչյան,  Օղլանյան /որդի, տղա/, Բեկջանյան, Ադիբեկյան /գրագիր բեկի/, Կարաբեկյան /սև բեկ/, Ադիխանյան /գրագիր խանի/, Ալիխանյան, Ջիգարխանյան, Օրդուխանյան, Մեհթիխանյան, Հուրիխանյան, Ամիրխանյան, Մուրադխանյան, Դեմիրխանյան, Խանամիրյան, Խանզադյան /խանի որդի/,  Խանզադեյան,  Սուլթանյան, Փաշայան,  Փաշինյան, Փաշաբեզյան,   Բայրամյան /տոն/, Նովրուզյան /նոր օր, տարի/, Ղուլյան /ստրուկ, ծառա/, Ղուլանյան /ստրուկ, ծառա/, Փաչաղսզյան /ազդր չունեցող/,  Փալանդուզյան, Շահգելդյան /շահը գալիս է/,  Գյոզուքուչուկյան /փոքր աչք ունեցող/,  Եորդակյան /բադ/,  Հաջաթյան /գործիք/, Գյոդակյան /կարճլիկ/, Յափունջյան, Դաշյան /քար/, Մերջիմեքյան /ոսպ/, Չարխիֆալաքյան /ճակատագրի անիվ/, էքմեքչյան /հացագործ/, Ռաշիդյան,  Հասանյան, Մուրադյան, Ջավադյան, Սաֆարյան, Իսմայիլյան, Ղարիբյան /օտարական/, Թահմազյան,  Բաղմանյան /այգեպան/,  Դալլաքյան /հեքիմ/,  Կարագյոզյան /սև աչք/,  Յուզբաշյան /հարյուրապետ/,  Չոբանյան /հովիվ/,  Բոյաջյան /ներկարար/,  Դալալյան /միջնորդ/, Գյոզալյան /գեղեցիկ/, Չիչակյան /ծաղիկ/, Զիլֆուղարյան, Ալավերդյան /աստծո տված/,  Կորխմազյան /անվախ/,  Թերլեմեզյան /չքրտնող/,  Աղլամազյան /չլացող/, Ալթունյան /ոսկի/, Էլմասյան /ալմաստ/,  Աչիկգյոզյան /աչքաբաց/,  Բերբերյան /վարսավիր/…:

- Իսրայելյան,   Իսահակյան, Աբրահամյան,  Մովսեսյան,  Սողոմոնյան, Հակոբյան, …:

Նաև Աֆրիկյան, Ամերիկյան, Վրացյան, Գյուրջյան, Փարիզյան, Մոսկովյան, Ստամբոլցյան, Իզմիրլյան,  Թավրիզյան,  Արաբյան,  Գյանջումյան…:

Եկեք հպարտություն ունենանք և հրաժարվենք ոչ հայեցի` հատկապես թուրքական, հրեական, պարսկական  անուն-ազգանուններից  և որքան շուտ այնքան լավ: Վերցնենք մեր նախնիների` պապերի ու տատերի, հայրենի բնակավայրերի` գյուղերի, քաղաքների, լեռների ու սարերի անունները: Թարգմանենք  եղածը, չէ  որ Դեմիրճյանը`  Դարբինյանն է, Քեշիշյանը` Տերտերյանը, Չիչակյանը` Ծաղիկյանը, Ղասաբյանը` Մսագործյանը,  Բերբերյանը` Վարսավիրյանը, Իսկանդարյանը` Ալեքսանդրյանը …:  Բոլոր խաները, բեկերը, աղաները, սուլթանները կարող են  դառնալ Թագավորյան, Իշխանյան, Նախարարյան, նույնիսկ Պատրիկյան,  օղլիները`  որդի /կամ դուրս մղվեն, քանի որ հայերը որդի չեն օգտագործում ազգանվան մեջ/:   Արհեստ ու արվեստ  խորհրդանշող ազգանունները կարող են   փոխարինվել  համարժեք թարգմանությամբ և այլն:  Այս առումով մեծ անելիք ունի  հայոց Ազգային ժողովը, որը կարող է փոխել իրավիճակը, ընդունելով համապատասխան օրենքներ: Դրա համար անհրաժեշտ է ազգային մտածողություն, հայրենասիրություն ու  կամք, որպեսզի սկսվի գործընթացը: Սա յուրատեսակ պայքար է,  որը մեծ  միջոցներ ու մեծ լարում չի պահանջում, փոխարենը՝  հոգևոր մեծ ուժ ու դրական  լիցքեր են  ստանալու  հայ մարդն ու հայ ազգը: Մի կողմ թողնելով Ազգային ժողովի ու պետության կողմից ձեռնարկած միջոցառումները, կամ չսպասելով դրան,  յուրաքանչյուր հայրենասեր  անհատ  ինքը կարող  է ձեռնամուխ լինել իր  ոչ հայեցի անուն-ազգանունը փոխելու գործընթացին:

Ինչպես կարելի է կազմակերպել գործընթացը:

-  Ազգանունը թարգմանել, եթե հնարավոր է:

- Վերցնել նախնիներից /պապի, տատի/ մեկի անունը և դարձնել ազգանուն:

-  Եթե մարդիկ ինչ-ինչ պատճառներով չեն կարող փոխել ազգանունները, ապա իրենց նորածին մանուկների ազգանունները կարող են փոխել, դարձյալ  վերցնելով նախնիներից մեկի հայեցի  անունը:

-Ազգանունները կարելի է փոխել ըստ առաջնահերթության,  նախ՝ շատ անհարմար, մարդու ինքնասիրությունը վիրավորող թուրքական ու այլ ծագում ունեցողները, ապա՝  մյուսները: Սակայն կարող են լինել նաև խանգարող հանգամանքներ:

Ինչը կարող է խանգարել այդ գործընթացին:

Լսվում են հայտարարություններ, որ բոլոր անունները /եվրոպական, նույնիսկ թուրքական/  հայկական հիմք ու արմատներ ունեն, հետևաբար պետք չէ փոխել ոչ հայեցի անուն-ազգանունները:  Այսպես մտածելը ճիշտ չէ,  քանի որ այսօր հստակ տարբերակվում են թուրքական, պարսկական, հրեական և մյուս օտար անունները հայկական անուններից: Անդրադառնանք այդ հարցին: Ուսումնասիրությունները թույլ են տալիս ասելու, որ հայկական շատ անուններ վաղուց որոշակի փոփոխության են ենթարկվել, անվան սկզբում, մեջտեղում և վերջում ինչ-որ տառեր ավելացնելու միջոցով: Քննարկենք շատ տարածված Աբրահամ (Ա /բ/ր/ահ/ամ)  կամ Աբրամ (Ա/բ/րամ) անունը: Այս անվան մեջ նկատելի է Արամ անունը, որը փոփոխությունների է  ենթարկվել -բ-  և     -ահ- հնչյունների միջոցով:  Մարիա /M-aria/, Սառա /S-ara/ և այլ անուններ  ևս –ար թաքնված մասնիկ ունեն: Իսլամական աշխարհում տարածված Իբրահիմը նույն Աբրահամ-Աբրամ-Արամ անցման հետևանքով առաջացած անուն է: Այս դեպքերում կարելի է վարվել այլ կերպ:  Անվան կամ ազգանվան մեջ հայկական հիմք ու արմատ տեսնելու դեպքում, դրանք նորից  կարելի է հայացնել: Հետևաբար Աբրահամյանը կարող է վերադառնալ իր նախնական ձևին և դառնալ Արամյան: Իսրայելյան ազգանունը, որն այսօր պետության անուն է խորհրդանշում, կարող է փոխարինվել Արմենյանով, Իսահակյան ազգանունը` հայացված Սահակյան  տարբերակով  և այլն:  Կան նաև վիճելի անուններ (Դավիթ  /Դիվ, Դեվ, Տիվ/),  Թամար  /Թ-ամար/), որոնք անբաժանելի են մեր կենցաղից ու պատմությունից  և պատահական չէ, որ ժողովուրդը  այդ անուններով է  կոչել  իր սիրելի հերոս-հերոսուհիներին:

Անդրադառնանաք նաև հայոց մեջ տարածված շեքսպիրյան հերոսների անուններին.  Համլետ, Ջուլիետ, Ռոմեո, Օթելլո, Օֆելիա, Մակբեթ…:  Դարձյալ հնչում են կարծիքներ, որ այդ անունները հայկական հիմք ունեն:  Այս դեպքում հիշենք, որ 19-րդ դարի վերջերից հայոց մեջ  ծաղկում է ապրում թատերարվեստը և  հայկական մեծ ու փոքր բոլոր  բնակավայրերում  բեմադրվում են  Շեքսպիրի  ու այլ օտար հեղինակների պիեսները: Այդ պիեսների  հերոսները և  նրանց անունները  սիրվում ու տարածվում են ժողովրդի մեջ: Այսպես  շեքսպիրյան հերոսները հայտնվում են հայկական միջավայրում ու կենցաղում:  Իսկ ընդհանրապես  եվրոպական  և այլ օտար անունների հայկական հիմք ու արմատներ ունենալու հարցը այլ խոսակցության թեմա է: Այսօր հրատապ է, որ հայը հայեցի անուն,  հատկապես ազգանուն ունենա:   Հայեցի անուն-ազգանուն ունենալու խորհուրդը  լավ են հասկացել հայոց վերածնված պետականության հայտնի գործիչներ Արամ Մանուկյանը (նախկինում Սերգեյ  Հովհաննիսյան),  Հովհաննես Քաջազնունին (նախկինում  Իգիթխանյան)  և այլոք:  Հայ մեծահարուստ Գալուստ Գյուլբենկյանը (Գյուլ-բեկ) հաճախ հանդես է եկել Վարդ Պատրիկ անունով:  Նրանք գիտակցել են, որ հայ մարդը պետք է կրի հայեցի անուն-ազգանուն: Իսկ ոչ հայեցի, մասնավորապես  թուրքական ծագում ունեցող անուն-ազգանունը հոգեբանորեն ճնշում է հայ մարդուն և վիրավորում  նրա ազգային արժանապատվությունը,  ինքնասիրությունը, հատկապես երբ դարավոր պայքարի  մեջ ես  նրա դեմ ու պայքարը  շարունակվում է:

Համոզված եմ,  յուրաքանչյուր հայ փոխելով իր ոչ հայեցի անուն-ազգանունը, նորից պիտի  հայանա, պիտի զգա մեծ, կարևոր  փոփոխություն  իր կյանքում, նաև ձեռք բերի հանգստություն, ինչ-որ նոր, լավ ու բարի  գործ սկսելու ցանկություն և մեծ հպարտություն: Հպարտություն, քանի որ գիտակցելու է.   կրելով նախնիների  ոգին ու գենը, անցնելով հազարամյակների, հրի ու սրի միջով, նորից  վերադառնում է իր արմատներին՝  հայկականությանը:

Հ.Գ.    Ակնկալում եմ ընթերցողների ակտիվ մասնակցությունը ներկայացվող նյութի վերաբերյալ:

Անժելա Տերյան


http://bnaban.am/index.php?option=com_content&view=article&id=3080%3A2012-02-10-18-06-37&catid=58%3Ahaygit&Itemid=94&lang=en

Просмотров: 1432 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/152
Всего комментариев: 2
2 Qfiqff  
0
brand lipitor 20mg <a href="https://lipiws.top/">order lipitor 10mg pill</a> buy lipitor 80mg without prescription

1 Zrkmyz  
0
order atorvastatin 80mg generic <a href="https://lipiws.top/">buy lipitor 80mg pill</a> atorvastatin 80mg cost

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz