ԱՅՍՈՒՀԵՏ «ՉՈՐԵՔՇԱԲԹԻ»-Ի
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ՕՐԵՐԻՆ
Հունիսի 13-ին, ուրբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց առաջիկա արձակուրդային ամիսներին ակումբի անդամների հանդիպումների մասին: Որոշեցին մինչև սեպտեմբերի 1-ը հանդիպումները կազմակերպել շաբաթվա չորեքշաբթի օրերին, ժամը 11.00-ին:
Արձակուրդային ամիսներին ճանաչողական այցեր կազմակերպելու նպատակով որոշեցին ակումբի անդամներով այցելել Օշական /Մեսրոպ Մաշտոցի եկեղեցի/, Անբերդ /Հայոց պետականության գաղափարական կենտրոն/, Սևանի Վազգենյան դպրանոց /Հայոց հոգևոր մտածողության կենտրոն/, Հայաստանի կամ Արցախի սահմանային զորամասեր /Հայոց Հայրենատիրության պահպանության կենտրոններ/:
Իրենց նոր ստեղծագործություններից կարդացին ակումբի անդամներ Աշխեն Մելքումյանը, Լիան Մանուկյանը, Հրաչյան /Ժորա Հակոբյան/, Օվսաննան, Սուսաննա ՄարգարՅանը, Արմենուհի Մելքոնյանը, Գայանե Ղազարյանը, Ռիմա Հարությունյանը, Իշխան Բադալյանը: Հանդիպման ավելի քան քսան անդամներ խոսք ասացին Արմենուհի Մելքոնյանի «Որտեղ է սերը» բանաստեղծության մասին: Գնահատեցին առաջին կուրսեցի ուսանողուհու պատկերային, հոգեբանական մոտեցումները և խորհուրդներ տվեցին բանաստեղծական պատկերներ «նկարելու», հանգ, ռիթմ ստեղծելու վերաբերյալ:
Հանդիպման առաջին մասին չզիջեց երկրորդը՝ «Մշակութային լուսանցք» բաժինը:
Նվարդ Մելիքյանը կարդաց Պարույր Սևակի «Մաքրություն է պետք» ստեղծագործությունը: Թագուհի Հովհաննիսյանը ոգևորությամբ ու արտակարգ նվիրումով կատարեց «Կիլիկիա» երգը: Արմենուհի Սումբուլյանը և հանդիպման մասնակիցները կատարեցին «Արի իմ սոխակ» երգը: Արմենուհի Սումբուլյանը, Նվարդ Մելիքյանը, Հրաչյան և մյուսները մեկական երգ կատարեցին Ռուբեն Հախվերդյանի և Արմինե Հայրապետյանի երգացանկից: Հրաչյան ոգևորությամբ կատարեց «Սերս վանքում Տաթևի», «Սարեր ջան» երգերը:
Հանդիպման ավարտին որոշվեց առաջիկա չորեքշաբթի օրը հանդիպում կազմակերպել Արսեն Համբարյանի հետ, իսկ հաջորդ շաբաթ խոսել Անիի /Անի Կարեյան/ տպագրության պատրաստված «Արձակ. վիպակներ» գրքի մասին:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
|