Հինգշաբթի, 28.03.2024, 20:08
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11468
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Նոյեմբեր » 16 » "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ" ՕՐԱԹԵՐԹ
09:32
"ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ" ՕՐԱԹԵՐԹ

ՏԱՂԱՆԴԻ ՄԻՋՈՒԿԸ

Սփիւռքահայ գրականութեան պատմութեան «տաք» հետքերով

  Տպագրուել է գրականագէտ Սուրէն Դանիէլեանի «Միջուկի տրոհումը» աշխատութեան առաջին հատորը: Սա այն գրքերից չէ, որոնք պարտականութեան թելադրութեամբ ես ձեռքդ առնում, հայեացքդ սահեցնում կամ թռուցիկ ակնարկ նետում. սա ընթերցողին խորհել է տալիս` սկսած խորագիր-վերնագրից: Խորհում ես եւ յընթացս հաստատում, որ գիրքը վերաճում է ներքին երկխօսութեան` որպէս Սփիւռքի ճանաչողութեան դարագնայ իրաւունք:
  Սփիւռքահայ գրականութեան պատմութեան վերաբերեալ տարբեր աշխատութիւններ կան: Որպէս նոր ժամանակի վկայութիւն՝ այս գիրքը ձերբազատ է գաղափարական պարտադրանքներից, եւ նրա տեսակարար յատկանիշը հեղինակի գիտական նորարար հայեացքն է՝ գրապատմական երեւոյթների թարմատի տեսողութիւնը, ասելիքի փաստարկուածութիւնը, որոնք բացայայտում են անծանօթ աշխարհ` հմայիչ, բայց դիմադրական:
  Գրքի ընթերցումը սկսւում է ծրագրային խորագրից` «Միջուկի տրոհումը»: Միջուկը այս պարագայում արեւմտահայ մշակութային այն մեծ «տնտեսութիւնն» է, որը ատոմային ֆիզիկայի օրէնքով ունի դրական լիցքեր: Այստեղ կենտրոնացած է ատոմի զանգուածը, մինչդեռ «արեւմտահայ» գրական կորիզում խտացել է տաղանդի եւ գաղափարների ողջ տարողութիւնը, ուղղութեան էներգետիկ զանգուածը:
  Միջուկի տրոհումը երկատում ու կոտորակում է ազգային գեղարուեստական մտքի ուղղութիւնները, նետում օտար գռիհներ, տալիս փշրուած գրամշակութային միասնութեան անհաւասարակշռելիութեան խճանկար, որը վերականգնելն անհնար է:
  Հեղինակը գրքում ներկայացնում է սփիւռքահայ գրականութեան «աննուաճ, անծանօթ միջավայրի» դիմագիծը՝ երեկուայ եւ այսօրուայ հայեացքով: Ցաւով կանխազգալով գրական տոհմիկ պատմութեան «դարպասների» անդառնալի փակումը` հեղինակի համար «մխիթարութիւն» է դառնում գրականութեան պատմութեան ընթացքի ուղեգծում-քարտէսագրումը` «լոյսի եւ ստուերի բոլորագծումը»:
  Գիտակցելով գրականութեան պատմաբանի գիտական բացայայտումների խորհրդային անցեալի վայրիվերումների տխուր փորձը`գրականագէտը հեռու է մնացել առարկայական գայթակղութիւններից` գնահատութիւնների մէջ լինելով առաւելագոյնս անաչառ ու արդարամիտ:
  Գրքի գիտական քննութեան ընթացքը սկսւում է սփիւռքահայ գրական ակունքներից: Առաջին գլուխը վերաբերում է նրա ձեւաւորման իրողութեան իմաստաւորմանը` որպէս ազգային ողբերգական հանգամանքների ծնունդ, որպէս արեւմտահայ գրականութեան շարունակականութիւն` իր հիմնական գծերով, կղզեակային բնոյթով եւ հատուածայնութեամբ:
  Հանգամանալից յիշատակւում են ամերիկահայ, ֆրանսահայ հարուստ մամուլը, արաբական երկրներում ձեւաւորուող ներազգային կեանքը, զուգահեռաբար տրւում են հասունացող եւ կազմաւորուող գրամշակութային շարժման յատկանիշները եւ դրանք ամբողջացնող գրական դիմանկարները:
Գրականագէտը քննութեան ծիրի մէջ է առնում սփիւռքահայ գրականութեան ուսուցիչներին` Յ. Օշականին, Վ. Թէքէեանին եւ նորագոյն շրջանից՝ Զ. Խրախունուն` Յովհ. Թումանեանի հետ համեմատական վերլուծութեան, եռակողմ համադրութեան խորքով: Վեր են հանւում Թումանեան-Օշական ստեղծագործական շահագրգիռ շփումները, ուր յատկանշական է երկու գրողների տեսողութեան սուր ու հակադիր ակնբախ տարբերութիւնների եւ խորքային ընդհանրութիւնների արծարծումը, որը յաճախ անտեսւում է: Ուշագրաւ է Թումանեան-Թէքէեան գեղագիտական համակարգերի համադրական քննութիւնը` հիմնուած այն ներքին միասնական շերտերի վրայ, որոնք բացում են նորայայտ յարաբերութիւնների քննութեան հետաքրքիր հանգոյցներ: Ընդհանրապէս, Վ. Թէքէեանը նոր «բացուող» զուգահեռ է արեւելահայ իր «պատուհանով»: Նկատի ունենք նաեւ Թէքէեան-Տէրեան գիտական հանդիպակաց քննութիւնը:
  Դառնալով Թումանեան-Խրախունի գրական առընչութեանը` գրականագէտը իրաւացիօրէն թումանեանական յարատեւ ազդեցութեան գերակայութեամբ է պայմանաւորում վերջինիս յարաճուն առաջնութիւնը պոլսական եւ սփիւռքահայ գրականութեան դաշտում:
Յատկանշական է գրքի «Եղիշէ Չարենցը արեւմտահայ եւ սփիւռքահայ գրամշակութային փոխառընչութիւնների կիզակէտում» ենթագլուխը, ուր շահեկանօրէն նորեկ գնահատութիւններ կան Ե. Չարենցի եւ արեւմտահայ գրական եւ մշակութային կեանքի միջեւ եղած աղերսների վերաբերեալ. մասնաւորապէս նորարարական կարելի է համարել Ե. Չարենցի համար թէքէեանական այն ներթաքոյց խթանի բացայայտումը, որով էլ պայմանաւորուած է «Տաղ Հայերէն լեզուին» քերթուածի ձեւաւորած «բառային ոսկեհմայ տիրոյթը» «Ես իմ անուշ Հայաստանի» տաղի վրայ:
  Գրականագէտի անակնկալ տեսողութեամբ, ստեղծագործական անսպասելի աղերսների մատնանշմամբ Ե. Չարենցի հետ զուգահեռւում են Վ. Շուշանեանը, Ա. Ծառուկեանը, Ն. Սարաֆեանը, Հ. Կոստանդեանը, Գ. Ադդարեանը, Զ. Խրախունին: Ենթագլուխը եզրափակւում է Թէքէեան-ուսուցչի անսակարկելի դերակատարութիւնը փաստարկող ենթամասով` մասնաւորելով նրա տիրական ազդեցութիւնը Մ. Իշխանի, Զ. Խրախունու ստեղծագործական շերտերի վրայ: Զուգահեռ համեմատական քննութեան ընթացքի մէջ նկատելի է արեւմտահայ նոր ու նորագոյն ազդեցութիւնը Ե. Չարենցի վրայ, ուր կան գրականագէտի համար անսպասելի «մուտքեր»:
  Գրքում սփիւռքահայ գրական ուսուցիչների շարքում ուշագրաւ քննութեան դաշտ է բերւում Աւ. Ահարոնեանի, Ե. Օտեանի, Լ. Շանթի ազդեցութիւնների համակարգը, ուր դասական ընկալման կողքին կան եւ նորայայտ փաստարկումներ:
  Ս. Դանիէլեանը խօսում է սփիւռքահայ գրական հիմնարար ուղղութիւնների` կարօտի եւ նահանջի շարժումների էական, գլխաւոր յատկանիշների մասին: Իսկ ահա «Սփիւռքահայ գրականութեան հայակենտրոն եւ հայաստանակենտրոն զարգացումների պատմութիւնից» ենթաբաժնում հոգեւոր եւ նիւթական Հայաստանի նժարների ծանրակշռումն է, կուսակցական-գաղափարական յայտնի թոհուբոհը, Սփիւռքի եւ Հայրենիքի քաղաքական եւ մշակութային ենթահողով շարունակական բախումները: Նա եզրակացնում է, որ սփիւռքահայ եւ օտարագիր գրականութեան մէջ պատմական Հայաստանը աւելի մեծ տեղ է գրաւում, քան նիւթական Հայաստանը:
  Ծաւալուն է գրքի երկրորդ գլուխը` «Օտարալեզու գրականութիւն. հիմնահարցեր, պատմութիւն, դէմքեր» խորագրով: Գրականագէտը հմտութեամբ վերհանում է Ա. Լիւբէնի, Շ. Ազնաւուրի, Ա. Կիրակոսեանի, անգլիագիր արձակի հայկական դէմքերին` Մ. Առլէնի, Ու. Սարոյեանի, Լ.-Զ. Սիւրմէլեանի, ֆրանսիագիր, իտալագիր, բուլղարագիր հեղինակների դիմանկարները` երբեմն թանձր, դիպուկ վրձնահարուածներով, երբեմն էսքիզային հապճեպութեամբ, էտիւդին յատուկ արագաթռիչ զարգացումներով` ներկայացուած լեզուի եւ ոգու յաւերժական բախումի խորքի վրայ` երկուսի «անհաշտ մտերմութեան» դաշտը համարելով երկուսի «ճշմարիտ աւազան»:
  Առաջնայինը գրականագէտի մտքի հունաւորուած ընթացքն է, լեզուն, որոնք ազատում են հատորը գիտական ոճային կապանք-զգաստութիւնից: Խօսելով օտարագրութեան մէջ բառի դերի ու նշանակութեան արձագանգի մասին` նա եզրակացնում է. «Օտարագիր բանաստեղծութեան մէջ բառի ազատագրութիւնը լեզուական կապանքներից դէպի պատմութիւն, դէպի ճշմարտութիւն սուրացող թռչունի` այնքան սպասուած ճախրն է»: Իսկ ահա լեզուի եւ բնագրի ընկալման իւրայատկութիւնների մասին գրում է. «Բառը կորցնում է գրական ճախրը, այն այլեւս թռչուն չէ, այլ «գետնի վրայ քարշ եկող» ծանրանիստ հասկացութիւն»: Հեղինակը երկու տարբեր պատկերների մէջ որսում է նոր իմաստ ու նոր կշիռ:
  Սփիւռքահայ գրականութեան պատմութեան այս առաջին գրքում Սուրէն Դանիէլեանը հանդէս է գալիս տեսաբանի եւ վերլուծող-պատմաբանի «դաշնութեամբ», որը նրա տեսողական միջուկն է, գրականագիտական ճաշակի ցուցիչը:


Վարդուհի ԴԱՒԹԵԱՆ
բանասիրական գիտութիւնների թեկնածու

10 Նոյեմբեր, 2011, Հինգշաբթի, թիւ 206 (5294)

Просмотров: 2216 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/71
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Նոյեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz