http://hayernaysor.am/1317793794
05.10.2011
Ատենախոսության պաշտպանություն հայրենիքում
Սփյուռքում հայագիտության զարգացման և
հատկապես արտերկրում ապրող երիտասարդ հայ գիտնականներին հայագիտության մեջ
ընդգրկելու նպատակով Սփյուռքի նախարարության ջանքերով հայաստանյան մի շարք
բուհերի տրամադրվել են անվճար ուսուցման նպատակային տեղեր, հայագիտությամբ
զբաղվող ամբիոններում սկսել են աշխատանքներ իրականացվել` սփյուռքահայ
երիտասարդների գիտական աշխատությունների տպագրման և ատենախոսությունների
պաշտպանությունների ուղղությամբ:
Այս առումով անգնահատելի ծառայություններ է
մատուցում Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի
«Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը, որի ղեկավար, բանասիրության դոկտոր,
պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը երիտասարդ սփյուռքահայ գիտնականների մոտ
հետաքրքրություն է ձևավորում հայրենի գրականության ու մշակույթի հանդեպ,
նրանց մղում դեպի մեր գրականագիտության սակավ ուսումնասիրված ոլորտները:
Հենց Սուրեն Դանիելյանի ջանադիր աշխատանքի շնորհիվ էլ Երևանի պետական
համալսարանի շրջանավարտ, բեյրութահայ Արմեն Յուրնեշլյանը պատրաստել և ԵՊՀ–ում գործող Բարձրագույն որակավորման հանձնաժողովի գրականագիտության
մասնագիտական խորհրդին է ներկայացրել «Սփյուռքահայ թատերգություն.
ավանդույթներ և նորարարություն» թեմայով թեկնածուական ատենախոսությունը:
Այս ուսումնասիրությունն առաջին փորձն է` համահավաք ներկայացնելու
քսաներորդ դարի սփյուռքահայ թատերգությունը: Մինչև այսօր Սփյուռքում
ամբողջական քննարկումներ չեն եղել թատերգության շուրջ, չեն հրատարակվել
տեսական աշխատություններ, որոնք հնարավորություն կստեղծեին ճանաչելու և
գնահատելու Սփյուռքի թատերգության հիմնական սկզբունքները, բնորոշ գծերը:
Արմեն Յուրնեշլյանը հատկապես Սփյուռքում ստեղծված դրամատիկական երկերը
քննարկել է ազգային բովանդակության համածիրի մեջ, իր սևեռումները
կենտրոնացրել «Պատմահայրենասիրական թատերգության կենսունակությունը
արևմտահայ գրականության նորագույն շրջանին», «Ցեղասպանության նյութի
արծարծումը արևմտահայ նորագույն գրականության մեջ», «Սփյուռքահայ
քաղաքական կյանքի արտացոլումը արևմտահայ նորագույն թատերգության մեջ» և
«Սփյուռքահայ կյանքի թատերական խճանկարը» բաժիններում:
|