«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #115, 23-06-2011
Անցուդարձ | Տեղադրվել է` 2011-06-23 00:20:37 (GMT +04:00) |
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԴԻՊԼՈՄՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ ՄԱԳԻՍՏՐՈՍՆԵՐԻՆ Ս. Մ. Հունիսի
22-ին Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական
համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում տոնական տրամադրություն էր: 2010-2011
ուստարվա` հունիսի 14-ին եւ 15-ին մագիստրոսական թեզեր պաշտպանած 97
շրջանավարտներին նվիրված հանդիսավոր արարողությունն սկսվեց Արարատյան
հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանի
օրհնությամբ եւ «Հայր մեր»-ով: Շրջանավարտներին
շնորհավորելու էր եկել ՀՀ վարչապետ, Մանկավարժական համալսարանի խորհրդի
նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա գերազանցության դիպլոմներ հանձնեց լավագույն
13 մագիստրոսներին, անմոռանալի ու հիշարժան պահ, որը շրջանավարտները երկար
կպահեն իրենց հիշողություններում: Շնորհավորելով
շրջանավարտներին հիասքանչ օրվա կապակցությամբ` վարչապետն ասաց. «Ձեր
կյանքում բացվում է մի նոր` պատասխանատու էջ: Համալսարանում ստացած
գիտելիքները պետք է կարողանաք կիրառել կյանքում` ուսուցանելով մատաղ
սերնդին` որպես մեր ազգի ապագայի, եւ բարձր պահելով մանկավարժական
համալսարանի հեղինակությունը: Մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք
պահելու մեր շրջանավարտների կարիերան, որովհետեւ դպրոցների
գործունեությունը մեծապես պայմանավորված է նրանց աշխատանքով»: Այնուհետեւ շնորհակալական խոսք ասացին շրջանավարտներ Նելլի Բիլյանը, Լիլիա Ջալալյանը եւ չինացի Ժիաո Նան: Միջոցառման ընթացքում համալսարանի երգչախմբի կատարմամբ հնչեցին ՀՀ, ՀՊՄՀ եւ Երիտասարդների միջազգային օրհներգերը: Միջոցառմանը
ներկա էին նաեւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՊՄՀ
ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, պաշտոնատար այլ անձինք եւ
համալսարանի խորհրդի կազմը: Արարողությունից հետո
համալսարանի խորհրդի անդամների եւ ղեկավարության մասնակցությամբ տեղի
ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր Տիգրան Սարգսյանը: Քննարկվեց
խորհրդի առաջիկա նիստի օրակարգը, որը մասնավորապես անդրադառնալու է
համալսարանի զարգացման 2011-15 թթ. ռազմավարական ծրագրին: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձ կատարվեց համալսարանի լսարանային ֆոնդի վիճակին: Աննախադեպ
էր նաեւ հունիսի 7-ը, երբ Մանկավարժական համալսարանի այս տարվա 2300
շրջանավարտները մեկ օրում ստացան իրենց ավարտական դիպլոմները, որոնցից 10
լավագույններին դիպլոմները հանձնեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը: Այսպիսով
մանկավարժական համալսարանում շրջանավարտներին ճանապարհելու մի նոր ու
գեղեցիկ ավանդույթի սկիզբը դրվեց: |