ԱՅՑ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՔԱՐԳՈՐԾ
ՎԱՐՊԵՏ ՌՈՒԲԵՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ
Հիշատակի լուսանկար
Սովորաբար լավ ընկերությունը միշտ նոր ընկերություն է իր հետ բերում: Այդպես աշխարհագետ Աշոտ Աջամօղլյանի և Հայաստանի /ներկա ու պատմական/ ճանապարհների մեծագույն գիտակ Տիգրան Բաբայանի հետ ձևավորված մեր ընկերությունը հունիսի 18-ին նոր ընկերությունների սկիզբ դարձավ: Նախ Աշոտ Աջամօղլյանը մեզ սիրով ծանոթացրեց իր ընկերների՝ Աշուղ Ժորայի /Գևորգ Գրիգորյան/ և մոսկվաբնակ գործարար Արմեն Սիմիկյանի հետ: Աշուղ Ժորային հեռվից հեռու գիտեի, հենց միայն նրա «Ելիր դաշնակ Դրո» երգը բավական է հայրենապաշտության իր չափն ու կորովը գնահատելու համար: Նույնպիսի տպավորություն թողեց նաև Արմենը:
Եվ ահա այս խմբով ճանապարհվեցինք Էջմիածնի տարածաշրջանի Արշալույս գյուղ՝ մեկ այլ ընկերոջ՝ Ռուբեն Նալբանդյանին հանդիպելու ակնկալիքով:
Ամնողջ ճանապարհին, մեքենան վարելուն զուգահեռ, Աշուղ Ժորան հայ ժողովրդի պատմությունից հարցեր էր տալիս, որոնց պատասխաններն ինքն էլ անգիր գիտեր, բայց նույնը տարբեր կողմերից կրկնելով փորձում էր մեր համբերությունն ու մեր չիմացության չափը ճշտել:
Արշալույս գյուղի իր ավանդական տան բակում հանդիպեցինք մեզ սպասող Ռուբեն Նալբանդյանին և «հայտնվեցինք» բացարձակ այլ՝ քարարձանների «մոլորակում»: Ամենուր արձաններ ու խաչարձաններ էին: Տան երկրորդ հարկի թանգարանային դահլիճում հանդիպեցինք ֆրանսիացի զբոսաշրջիկի ու իր հայ թարգմաչուհուն, որ մեզնից առաջ եկել ու տնավարի դիտում էին այդտեղ գտնվող գողտրիկ գործերն ու խաչարձանների լուսանկարները: Նրանց հետ, կիսելով մեր պատկերացումները, եղանք տան տարբեր կողմերում ստեղծված ու գործող արհեստանոցներում, դիտեցինք Ռուբենի եղբոր՝ Մերուժանի, որդու՝ Արմենի և իր քարգործ աշակերտների աշխատանքները: Խաչարձանների արհեստանոցում հիացանք երիտասարդ տղաների աշխատանքով: Այդտեղ մի քանի խաչարձան էր միաժամանակ կերտվում: Դրանցից մեկը պատրաստվում էր Ջուղայի խաչարձանի նմանողությամբ և պատրաստ լինելուց հետո «գնալու» էր Արցախ:
Այստեղ են պատրաստվել Օշականի Սուրբ Մաշտոց եկեղեցու տարածքում տեղադրված հայոց հավերժական բանակի՝ Հայոց այբուբենի 36 տառ-քարարձաններ, Հայաստանի ու աշխարհի բազում երկրներում տեղադրված խաչարձանները:
Ամենացնցողն, իհարկե, այն էր, որ իմացանք. Ռուբեն Նալբանդյանը պատրաստել ու կանգնեցրել է շուրջ 1000 խաչարձան: Այո, այո, սխալ չկարդացիք՝ շուրջ հազար խաչարձան: Սա զարմանալի աշխատասիրության արդյունք ու վարպետի վաստակ է: Քարգործ վարպետը սիրով Մանկավարժականի գրադարանին նվիրեց իր «Խաչքար տառերն աշխարհին» ալբոմը /Օշականում տեղադրված տառաքարերի վերարտադրություններ/:
Այդպիսին էր մեր նոր ընկերությունն ու օրը: Այն լուսավորվեց ընկերության լույսով:
Տիգրան ՊետրոսՅանց |